Համայնքի կանոններ
Վերջին թարմացումը՝ 2026 թ․ նոյեմբերի 21
Immot-ում մարդիկ և իրենց մոտակա խանութները շփվում են միմյանց հետ։ Այս կանոնների նպատակն է, որ այդ շփումը հարգալից և անվտանգ մնա բոլորի համար։ Դրանք դիտմամբ կարճ են՝ մեկ անգամ կարդալով կիմանաք, թե որտեղ է սահմանը։
1. Ում են վերաբերում
Կանոնները վերաբերում են բոլորին, ովքեր որևէ բան գրում են Immot-ում, անկախ նրանից՝ գնորդ եք, թե խանութ։ Դրանք տարածվում են հետևյալի վրա՝
- հայտարարությունների տակ գրված մեկնաբանություններ,
- կարծիքներ և աստղային գնահատականներ,
- զրույցի հաղորդագրություններ,
- հայտարարություններ,
- խանութի էջը՝ անունը, նկարագրությունը, լուսանկարներն ու լոգոն։
2. Զրոյական հանդուրժողականություն
Անպատշաճ բովանդակության և ուրիշներին վիրավորող օգտատերերի նկատմամբ մենք ունենք զրոյական հանդուրժողականություն։ Կանոնները խախտող բովանդակությունը հեռացվում է, իսկ այն գրողի հաշիվը կասեցվում է։ Եվ կարևոր չէ՝ դուք վաղեմի հաճախորդ եք, թե վճարող խանութ։
3. Ինչն է արգելված
- հետապնդում և ահաբեկում՝ մեկին թիրախավորելը, վիրավորելը, նրան գրել շարունակելը, երբ նա այլևս չի պատասխանում,
- սպառնալիքներ ցանկացած ձևով, այդ թվում «կատակով»,
- ատելության խոսք և վիրավորական անվանումներ՝ ազգության, ծագման, կրոնի, սեռի, սեռական կողմնորոշման, հաշմանդամության կամ անձի ցանկացած այլ հատկանիշի հիման վրա,
- սեռական բնույթի բովանդակություն և մերկություն,
- բռնություն՝ դրա պատկերումը, գովերգումը կամ բռնության կոչը,
- սպամ և խարդախություն՝ կրկնվող կամ թեմային չառնչվող գովազդ, կեղծ մրցանակներ, գումար կամ քարտի տվյալներ պահանջելը,
- ապօրինի ապրանքներ և ծառայություններ՝ թմրանյութեր, զենք, կեղծված ապրանքներ և այն ամենը, ինչ Հայաստանում վաճառել չի թույլատրվում,
- ուրիշի անձնական տվյալներն առանց նրա համաձայնության՝ հեռախոսահամարը, հասցեն, լուսանկարը կամ փաստաթղթերը,
- այլ անձի անունից հանդես գալը՝ ներկայանալը որպես ուրիշ մարդ, ուրիշ խանութ կամ Immot,
- միտումնավոր կեղծ կարծիքներ՝ սեփական խանութը գովաբանելը, մրցակցին վարկաբեկելը կամ այնպիսի վայրի մասին գրելը, որտեղ երբեք չեք եղել,
- հայհոյանքներ և անպարկեշտ արտահայտություններ։
4. Ինչ է ստուգվում նախապես
Անպարկեշտ բառեր պարունակող մեկնաբանությունը կամ կարծիքը մերժվում է ինքնաշխատ՝ հավելվածը տեղեկացնում է այդ մասին, և տեքստը չի հրապարակվում։ Հայտարարությունները նույնպես ստուգվում են նախքան հրապարակվելը։
Զրույցի հաղորդագրություններն անձնական են, և մենք դրանք նախապես չենք կարդում։ Բայց նույն կանոնները դրանց վրա էլ են տարածվում, և զրույցի մասին բողոքը քննվում է ինչպես ցանկացած այլ բողոք։
5. Ինչպես բողոքել
Յուրաքանչյուր հայտարարության, խանութի, մեկնաբանության, կարծիքի և զրույցի կողքին կա ⋮ ընտրացանկ։ Ընտրեք Բողոքարկել, նշեք պատճառը, և բողոքը կհասնի մեզ։ Այն մարդը, ում մասին բողոքել եք, այդ մասին չի իմանում։
Կարող եք նաև գրել support@immot.app հասցեին՝ նշելով, թե ինչ և որտեղ եք տեսել։ Էկրանի պատկերը շատ է օգնում։
6. Ինչպես արգելափակել
Նույն ⋮ ընտրացանկից ընտրեք Արգելափակել։ Դրանից հետո այլևս չեք տեսնի այդ մարդու կամ խանութի գրածը՝ հայտարարությունները, մեկնաբանությունները, կարծիքներն ու հաղորդագրությունները։ Արգելափակված մարդն այդ մասին չի տեղեկացվում։
Արգելափակվածների ցանկը Կարգավորումներում է, և այնտեղից կարող եք հանել արգելքը։
7. Ինչ ենք անում բողոքից հետո
Յուրաքանչյուր բողոք քննում ենք 24 ժամվա ընթացքում։ Եթե բովանդակությունը խախտում է այս կանոնները, մենք հեռացնում ենք այն և կասեցնում դրա հեղինակի հաշիվը։ Լուրջ դեպքերում (սպառնալիք, ատելության խոսք, սեռական բովանդակություն, խարդախություն) դա արվում է առանց նախազգուշացման։
Կասեցված հաշիվը դուրս է բերվում հավելվածից, և դրանով այլևս հնարավոր չէ մուտք գործել։ Եթե կարծում եք, որ սխալվել ենք, գրեք support@immot.app հասցեին, և մեր աշխատակիցը նորից կուսումնասիրի այն։
Հեռացված հայտարարության համար գանձված գումարի հարցը լուծվում է հրապարակային օֆերտայի 5-րդ կետի համաձայն։
8. Համաձայնությունը
Երբ առաջին անգամ որևէ բան եք գրում Immot-ում, հավելվածը ցույց է տալիս այս կանոնները և խնդրում համաձայնել դրանց։ Կարդալու և վայրերին հետևելու համար համաձայնություն պետք չէ։
Եթե կանոններն էականորեն փոխվեն, հավելվածը կրկին կխնդրի ձեր համաձայնությունը։ Այս կանոնները հրապարակային օֆերտայի մասն են։
9. Կապ
Բողոքներ, առարկություններ, հարցեր՝ support@immot.app։